2016 / Անօրինական ԱԱՀ-ի դեմ պայքար

2013 թ. սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու մասին, ինչով ավելի քան 10 տարով դադարեցվեց երկրի եվրաինտեգրման գործընթացը։ 2015 թ. հունվարի 2-ից Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի հիման վրա։
 

ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի 72-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետը սահմանում է, որ.

«6. Անդամ պետության տարածք ներմուծման պարագայում անուղղակի հարկեր չեն գանձվում. 2) այն ապրանքների մասով, որոնք ներկրվում են անդամ պետության տարածք ֆիզիկական անձանց կողմից ոչ ձեռնարկատիրական գործունեության նպատակով»։

Սա նշանակում է, որ եթե ֆիզիկական անձը Հայաստան ներմուծում է ապրանքներ (այդ թվում՝ ավտոմեքենաներ) Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի կամ Ղրղզստանի տարածքից ոչ ձեռնարկատիրական գործունեության նպատակով, ապա նա չպետք է վճարի ԱԱՀ։

ՀՀ օրենսդրության «Ավելացված արժեքի հարկի ՀՀ օրենքի 3.1 հոդվածի 3-րդ մասի գ. կետի համաձայն՝

«Սույն օրենքով այլ բան սահմանված չլինելու դեպքում սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) իրականացնելու դեպքում ԱԱՀ-ի վճարման պարտավորություն կրում են` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե` նրանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվում ապրանքներ, որոնց ներմուծումը, «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, կամ Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվում ավտոմեքենաներ»։

Այսինքն, ֆիզիկական անձինք ԵՏՄ-ից ավտոմեքենա ներմուծելիս պետք է վճարեն ԱԱՀ։ 

Իսկ ի՞նչ անել, եթե ՀՀ օրենքը հակասում է միջազգային պայմանագրին։ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասն ասում է.

«Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»

Վերլուծության հեղինակ, փորձագետ Կարեն Վարդանյան

Ըստ այդմ, 2015 թվականից ֆիզիկական անձանցից գանձվում էր ԱԱՀ՝ ԵԱՏՄ տարածքից ներմուծվող ավտոմեքենաների և այլ ապրանքների համար մաքսային արժեքի 20%-ի չափով, ինչի մեջ հասարակության զգալի մասը տեսնում էր կոռուպցիոն բաղադրիչ։ 

Քաղաքացիական հասարակությունը բազմիցս փորձում էր հրավիրել իշխանությունների ուշադրությունը տվյալ խնդրին, սակայն դա արդյունք չտվեց։ Ավելին, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը, անդրադառնալով ԱԱՀ գանձման հարցին, Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց բառացիորեն հետևյալը.

«Մենք ունենք նման իրավունք և մենք այն պահպանելու ենք։ Սա մեր եկամուտների հիմնական աղբյուրներից է»։

2016 թ. փետրվարի 18-ին ԵԱՏՄ գրասենյակը ստացել է ԱՐԶ Հոլդինգի փորձագետ Կարեն Վարդանյանի կողմից պատրաստված վերլուծությունը, որում մանրամասնորեն շարադրված էին ՀՀ օրենսդրության և ԵՏՄ մասին պայմանագրի միջև առկա հակասությունները։ Մի քանի օր անց մենք ստացանք հետևյալ պատասխանը.

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Սմոլենսկի բ-ր, շ. 3/5, շին. 1, Մոսկվա, 119121, հեռ.՝ 8 (495) 669-24-00, հավ. 4133

«24» փետրվարի 2016 թ. № 09-54

Ֆ. Արզումանյանին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) ֆինանսական քաղաքականության դեպարտամենտը ուսումնասիրել է Ձեր 18.02.2016 թ. դիմումը՝ Հայաստանի Հանրապետության ազգային օրենսդրության նորմերի՝ միջազգային պայմանագրի նորմերին անհամապատասխանության վերաբերյալ՝ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ավտոմեքենաներ ներմուծելիս ներմուծման ԱԱՀ վճարման մասով, և հայտնում է հետևյալը։

Մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ապրանքների իրացման դեպքում ԱԱՀ-ի գանձումը 2015 թվականի հունվարի 1-ից կարգավորվում է 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում ստորագրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) նորմերով։

Պայմանագրի 72-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ անուղղակի հարկեր չեն գանձվում անդամ պետության տարածք ապրանքների ներմուծման դեպքում, եթե դրանք անդամ պետության տարածք ներմուծվում են ֆիզիկական անձանց կողմից ոչ ձեռնարկատիրական գործունեության նպատակով։

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության այն նորմերը, որոնք սահմանում են ֆիզիկական անձանց կողմից անձնական նպատակներով ավտոմեքենաներ ներմուծելիս ԱԱՀ վճարելու պարտականություն, հակասում են Պայմանագրի դրույթներին, որի մասնակիցն է Հայաստանի Հանրապետությունը։

Հանձնաժողովն աշխատում է տվյալ հարցի ուղղությամբ և նախատեսում է այն ներկայացնել Հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանը։

Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն 

Բ.Վ. Խուլխաչիև

Իրադարձությունները սկսեցին արագ զարգանալ. վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատմեց նախագահի հետ իր ունեցած զրույցի մասին, որի ընթացքում իրենք որոշեցին վերացնել ԱԱՀ գանձմանը վերաբերող դրույթը:

Կառավարության նիստում վարչապետն առաջարկեց հարցը ներառել նիստի օրակարգում որպես լրացուցիչ հարց։ Գիտակցելով օրենքի չեղարկման անխուսափելիությունը, իշխանությունները որոշեցին չսպասել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշմանը և արագ «ազատել» քաղաքացիներին հավելյալ հարկային բեռից։ 

Այսպիսով, Հայաստանի օրենսդրությունը համապատասխանեցվեց ԵԱՏՄ պայմանագրի պահանջներին, և 2016 թվականի մարտի 17-ից ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծվող ավտոմեքենաների համար ԱԱՀ այլևս չի գանձվում։